Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին ընդառաջ, Նարեկ Դուրյանը ներկայացնում է «Օպերացիա Նեմեսիս» փաստավավերագրական դրաման, որը հանդիսատեսի դատին կհանձնվի ապրիլի 18-ից մինչև ապրիլի 24-ը:
«Օպերացիա Նեմեսիս» ներկայացման հիմքում Սողոմոն Թեհլերյանի դատավարությունն է և Հայոց մեծ եղեռնի թեման, բայց այստեղ շեշտը դրված է ոչ թե լացի, այլ հերոսական գաղափարի վրա: Ոճրագործները իրենց իսկ երկրում դատապարտված լինելով մահապատժի, այնուամենայնիվ կարողանում են փախչել և թաքնվել եվրոպական տարբեր երկրներում, իսկ «Օպերացիա Նեմեսիս» գործողության հերոսները ընդամենը ավարտին են հասցնում չկայացած պատիժը:
Բեմում սուբյեկտիվ զգացմունքի և պատմական ճշգրիտ փաստերի կռիվն է: Տեսարանները արագ փոխվում են, շատ են շարժումն ու դինամիկան, բայց դրանից նյութը չի կորցնում իր հուզականությունն ու ծանրությունը:
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին, Նարեկ Դուրյանը անընդհատ ուղիղ կապի մեջ է հանդիսատեսի հետ` ներկայացմանը հաղորդելով որոշ չափով ինտերակտիվ բնույթ: Ողջ ներկայացման ընթացքում նա հանդես է գալիս որպես բեմադրիչ և բեմի վրայից ղեկավարում է ներկայացումը, ինչպես նաև պարբերաբար խոսում է արդիական ու մեզ համար ցավոտ խնդիրների մասին, միայն իրեն հատուկ թեթևությամբ, ինչն էլ իր հերթին էլ ավելի է ընդգծում խնդրի լրջությունը:
Դերերում՝ Նարեկ Դուրյան, Ավո Խալաթյան, Սարգիս Գրիգորյան, Քրիստինե Հովհաննիսյան, Գագիկ Ռոստոմյան: Բեմադրությունը՝ Նարեկ Դուրյանի: Պրոդյուսեր՝ Քրիստինե Հովհաննիսյան: Շատ կարևոր մի փաստ ևս՝ «Նեմեսիս» օպերացիայի իրականացման ընթացքում ոչ մի կին, ոչ մի երեխա, ոչ մի պատահական անցորդ չի տուժել:
Անցել է արդեն 100 տարի, բայց ոչինչ և ոչ ոք չի մոռացվել: Հիշում ենք ու պահանջում: